Կիեւը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ նոր բեմադրված սադրանքներ է նախապատրաստում․ ՌԴ ՊՆ
Կիեւը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ նոր բեմադրված սադրանքներ է նախապատրաստում՝ Ռուսաստանի զինված ուժերին Ուկրաինայի բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ նոր կեղծ բեմականացված սադրանքներ են պատրաստվում Սումիի շրջանում՝ Կիեւի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին Ուկրաինայի բնակչության նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի մեջ մեղադրելու համար»,- ասել է Միզինցեւը, որը ղեկավարում է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման ՌԴ միջգերատեսչական համակարգման շտաբը։
Միզինցեւը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինա ժամանած ֆրանսիացի զինվորականների եւ ժանդարմների խումբը կփորձի կոծկել Կիեւի ռազմական հանցագործությունները եւ մեղադրանքներ հորինել Ռուսաստանի զինված ուժերի դեմ։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները ժանդարմերիայի եւ Ֆրանսիայի ՆԳՆ տեխնիկական փորձագետների հետ Ուկրաինա են ժամանել ապրիլի 11-ին՝ Գերմանիայի եւ Լեհաստանի տարածքով, այսպես կոչված, դիվանագիտական միջանցքով։
«Հաշվի առնելով ֆրանսիացի «մասնագետների» կողմնակալությունը՝ անաչառ հետաքննություն ակնկալել չի կարելի։ Ըստ երեւույթին, նրանց գործունեության հիմնական ուղղությունը կլինի Ուկրաինայի բնակչության, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների կոծկումը, որոնք կատարվել են ուկրաինական իշխանությունների կողմից վերջին ութ տարիների ընթացքում, ինչպես նաեւ Ռուսաստանի զինված ուժերի դեմ մեղադրանքներ առաջադրելը»,- ասել է նա։