ՊԵԿ-ը պատրաստել է իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում ձեռներեցությամբ զբաղվելու վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։ ՀՀ-ում ընկերությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացվում է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից (www.e-register.am)։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ։ Հավաստագիր ստանալու հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարություն (www.mineconomy.am)։
Իրազեկման թերթիկում առկա են նաև Հայաստանում գործող՝ հարկման ընդհանուր և հատուկ համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: Այսպես, հարկման հատուկ համակարգերում գործելու համար անհրաժեշտ է.
- շրջանառության հարկով հարկման համակարգում իրացման շրջանառությունը պետք է լինի մինչև 115 մլն դրամ:
- միկրոձեռնարկատիրության համակարգում իրացման շրջանառությունը պետք է լինի մինչև 24 մլն դրամ:
Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս:
ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս ենթակա չեն մաքսային հայտարարագրման և մաքսային վճարներով չեն հարկվում: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ ԵԱՏՄ պետությունից ապրանքը տեղափոխվում է երրորդ երկրի տարածքով, անհրաժեշտ է ներկայացնել տարանցիկ հայտարարագիր: ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող պետության տարածքով որևէ ԵԱՏՄ անդամ պետության տարածքից ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելիս (բացառությամբ՝ հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների) այդ ապրանքները պահպանում են միության կարգավիճակը միայն այն դեպքում, երբ դրանք տեղափոխվում են այդ նպատակով օգտագործվող տարանցման հայտարարագրով: Իսկ որպես ուղեկցող ուղեբեռ տեղափոխող անձնական օգտագործման ապրանքների դեպքում՝ այդ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվող, ուղևորային մաքսային հայտարարագրով։
Իրազեկման բուկլետում կա նաև օգտակար տեղեկատվություն՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ: Այսպես, ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները մաքսային տարածք ներմուծելիս հայտարարագրում չի իրականացնում։ Սակայն երրորդ երկրից ներմուծման դեպքում այլ կարգավորում է գործում: ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ԵԱՏՄ մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Ի գիտություն. ցանկացած տրանսպորտային միջոց վարելու միջոցով Հայաստան տեղափոխելիս անհրաժշետ է կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար քաղաքացին կտուգանվի 100 000 դրամով։ Իսկ հետագա արտահանման պարտավորությամբ ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու դեպքում նույնպես կենթարկվի տուգանքի:
Իրազեկման թերթիկները և բուկլետները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են սահմանային բոլոր անցակետերում: