Չինաստանը թարմացրել է COVID-19-ի հակառեկորդը
Չինաստանում կիրակի օրը կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 27 595 դեպք է գրանցվել, նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Շանհայում, վկայում են Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալները։
Կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած օրը Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 1 184 հաստատված եւ 26 411 անախտանիշ դեպք, որոնք Չինաստանում առանձին են հաշվում։
Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Շանհայում, որը գտնվում է երկրի արեւելքում։ Կիրակի օրը քաղաքում հայտնաբերվել է 914 հաստատված եւ 25 713 անախտանիշ դեպք։
Մեգապոլիսի (24,9 մլն բնակիչ) իշխանությունները մարտի 28-ից լոքդաուն են մտցրել՝ կորոնավիրուսային վարակի նոր բռնկման հետ կապված։ Իշխանությունների պլանի համաձայն՝ լոքդաունը, որն անհրաժեշտ էր զանգվածային թեստավորման եւ հիվանդության տարածումը կանխելու համար, պետք է անցկացվեր երկու փուլով՝ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 1-ը, Խուանպու գետից արեւելք եւ հարավ ընկած շրջաններում, եւ ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 5-ը, Խուանպու գետից արեւմուտք ընկած շրջաններում։ Բայց վարակվածների մեծ թվի պատճառով լոքդաունը երկարացվել է, սակայն չի ճշտվել, թե որքան ժամանակով։