Բաքուն ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը գնահատել է որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»
Բաքվում Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մարաղայի վայրագությունների եւ Ղարաբաղում էթնիկ զտումների տարելիցի առիթով գնահատել են որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում հայկական կողմի մեղադրանքները «հերքում» են որպես «հերթական անհիմն, հակաիրավական, թշնամական հայտարարություն»։
«Վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն դեպքում, երբ ընդունվել են որոշումներ երկու պետությունների միջեւ կարգավորման քայլեր ձեռնարկելու մասին»,- նշվել է հայտարարությունում, տեղեկացրել է APA-ն։
«Ինչի՞ հիման վրա է Հայաստանը, որը էթնիկ զտումների է ենթարկել մոտ 1 մլն ադրբեջանցու, կոպտորեն խախտել այդ մարդկանց հիմնարար իրավունքները մոտ 30 տարի, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարել ռազմական ագրեսիայի ժամանակ, այդ թվում՝ մեկ գիշերում Խոջալուում գազանաբար սպանելով 613 քաղաքացիական անձանց, պատասխանատվություն կրելով դեռեւս 90-ականների սկզբին անհետ կորած մոտ 4 000 ադրբեջանցիների ճակատագրերի եւ զանգվածային թաղումների համար, որոնց մի մասն այժմ հայտնաբերվել է, մինչ օրս խուսափելով պատասխանատվությունից՝ խոսում զանգվածային սպանության, էթնիկ զտման մասին։
Հայաստանի ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, որը խրախուսում է անջատողականությունն Ադրբեջանի տարածքում՝ միջազգային իրավունքի խախտմամբ միջամտելով այլ պետության ներքին գործերին, խափանելով տարածաշրջանում խաղաղության կերտման ջանքերը, ի ցույց է դնում այն, որ մյուս կողմի իսկական մտադրությունը կարգավորումը եւ խաղաղ գոյակցությունը չէ։ Անկախ Հայաստանի ընտրությունից՝ Ադրբեջանը կշարունակի զարգացման եւ առաջընթացի քայլեր ձեռնարկել իր միջազգային սահմանների շրջանակում՝ պարտավորություններին եւ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։