Իլոն Մասկ. Առաջարկում եմ Twitter-ի գրասենյակն ապաստարան դարձնել անօթևանների համար
Ամերիկացի գործարար եւ SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, որը վերջերս մտել է Twitter-ի տնօրենների խորհուրդ, հանդես է եկել ընկերության ապագայի վերաբերյալ նոր առաջարկությամբ. այս անգամ նա առաջարկել է ընկերության Սան Ֆրանցիսկոյի գլխավոր գրասենյակը դարձնել ապաստարան անօթեւանների համար։
«Twitter-ի գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում վերածենք ապաստարանի անօթեւանների համար, այնտեղ, միեւնույն է, ոչ ոք չի գալիս»,- գրել է գործարարը օգտատերերի շրջանում անցկացվող հարցման մեջ։
Հարցման ավարտից երկու ժամ առաջ քվեարկած 1,8 մլն օգտատերերի ավելի քան 91 տոկոսն աջակցել էր Մասկի գաղափարին, 8,6 տոկոսը դեմ էր արտահայտվել։
2020թ. մայիսին Twitter-ը հայտարարել էր, որ թույլ կտա աշխատակիցներին աշխատել տնից՝ COVID-19-ի պատճառով մտցված սահմանափակումները հանելուց հետո, եթե նրանք այդպիսի ցանկություն ունենան։