Ռուսական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական 86 ռազմական օբյեկտ
Ռուսաստանի մարտական ավիացիան շաբաթ երեկոյից ի վեր ոչնչացրել է 86 ուկրաինական ռազմական օբյեկտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 86 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ, երկու զինամթերքի պահեստ, երեք վառելիքի պահեստ, բազմակի հրթիռային համակարգերի երեք տեղակայում, ինչպես նաև 49 հենակետ և զինտեխնիկա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։