Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի 24 քաղաքացու դեմ
Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի 24 քաղաքացիների ներառել են իրենց պատժամիջոցային ցուցակում՝ ահաբեկչությանն աջակցելու և մարդու իրավունքների ոլորտում խախտումների համար: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այդ դեմքերը մեղսակից են Իրանի ժողովրդի և կառավարության նկատմամբ ԱՄՆճի միակողմանի ապօրինի պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների և ահաբեկչական գործողությունների ֆինանսավորմանը և աջակցությանը, ինչպես նաև նպաստել են տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին, հատկապես ճնշված պաղեստինցի ազգի նկատմամբ»,- նշվում է փաստաթղթում:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված մարդկանց մեծ մասը Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում աշխատել է ԱՄՆ պետական հաստատություններում։
Մարտի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանում ևս մեկ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Սահմանափակումները մտցվել են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ամերիկյան օրենքների հիման վրա։