Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ իշխանությունների 15 ներկայացուցիչների դեմ
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ իշխանությունների 15 ներկայացուցիչների դեմ՝ «ահաբեկչական հարձակումներին մասնակցելու համար»։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, գրում է Mehr-ը։
Նշվում է, որ այդ անձինք դեր են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի եւ կառավարության դեմ ԱՄՆ-ի միակողմանի հարկադրական միջոցների աջակցման, կազմակերպման, պարտադրման գործում, ինչպես նաեւ ահաբեկչական խմբավորումներին եւ գործողություններին ֆինանսավորելու եւ աջակցելու գործում»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի եւ կառավարության դեմ կիրառվող միակողմանի հարկադրական միջոցները եւ Իրանի ժողովրդի համար Միացյալ Նահանգների կողմից կյանքի ծանր պայմանների կանխամտածված ստեղծումը վտանգի տակ են դրել միլիոնավոր իրանցիների կյանքը եւ ծանր բացասական ազդեցություն են ունեցել նրանց տնտեսական եւ սոցիալական իրավունքների իրացման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ նման ապօրինի միջոցները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում են եւ մարդկության դեմ հանցագործության վառ օրինակ։