Սլովակիան «Ս-300» ՀՕՊ համակարգ է փոխանցել Ուկրաինային
Սլովակիայի հակաօդային պաշտպանության «Ս-300» համակարգն արդեն գտնվում է Ուկրաինայում։ Ըստ TV Markíza-ի՝ գաղտնի տեղափոխումը տեւել է երկու օր, փոխանցում է TV Noviny-ն։
Տեղեկությունը սոցցանցում հաստատել է վարչապետ Էդուարդ Հեգերը։ «Սա պատասխանատու որոշում է, որով Սլովակիայի Հանրապետությունը, որպես խաղաղության, ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության կողմնակից երկիր, օգնություն է տրամադրում Ուկրաինային պաշտպանական համակարգի տեսքով։ Համակարգի փոխանցումը չի նշանակում, որ Սլովակիայի Հանրապետությունն Ուկրաինայում զինված հակամարտության մաս է դարձել։ Վստահեցնում եմ նաեւ, որ Սլովակիայի Հանրապետության պաշտպանությունը շարունակվում է ապահովված մնալ եւ առաջիկա օրերին կամրապնդվի մեր դաշնակիցների հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համակարգով»,- ասել է նա։
Ընդդիմադիր HLAS կուսակցությունը «Ս-300» հակաօդային պաշտպանության համակարգի փոխանցումն Ուկրաինային Սլովակիայի պաշտպանունակությանը սպառնալիք եւ գործող իշխանության կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ խարդախություն է համարում։
«Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «Ս-300»-ները Սլովակիայի զինված ուժերի շարքերից կհանվեն միայն այն դեպքում, եթե դրանց համապատասխան փոխարինող լինի։ Այդ խոստումը դեռ պետք է կատարվի, իսկ ինքը՝ նախարարը, վերջերս խոսել է մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի ժամկետի մասին։ Հասկանալի է, որ մինչ այժմ տեղակայված «Պատրիոտ»-ներն ամբողջությամբ չեն փոխարինում «Ս-300» համակարգին։ Մենք կոչ ենք անում նախարարին բացատրել այս անիմաստ քայլը, որը Սլովակիայի զինված ուժերի մարտունակության մակարդակի նվազման է հանգեցնում»,- ի պատասխան գրել է կուսակցության մամուլի խոսնակ Պատրիսիա Մացիկովան։