Բուլղարիայի քարանձավում հայտնաբերված գտածոն ստիպել է վերանայել Աֆրիկայից մարդկանց միգրացիայի մասին տեսությունը
Բուլղարիայի Բաչո Կիրո քարանձավում 45 հազար տարվա հնության մարդկային մնացորդների գտածոն ստիպել է գիտնականներին վերանայել գոյություն ունեցող տեսությունը, ըստ որի՝ Homo sapiens-ի առաջին ներկայացուցիչները Եվրասիա են եկել Աֆրիկայից։ Գիտնականները մնացորդներն ուսումնասիրել են յոթ տարի՝ մինչ մոլորակի վրա ժամանակակից մարդկանց բնակեցման նոր տեսության հրապարակումը։
Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Genome Biology and Evolution-ում։
Հայտնաբերված ոսկորների բեկորների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ մարդիկ ավելի սերտ առնչություն են ունեցել այդ ժամանակաշրջանի Արեւելյան Ասիայի բնակիչների, քան Աֆրիկյան մայրցամաքի բնակիչների հետ: Սա նշանակում է, որ Եվրասիայում առաջին ժամանակակից մարդկանց միգրացիոն ուղիներն ավելի բարդ էին, քան սովորաբար ենթադրվում է:
Գենետիկական վերլուծության արդյունքում ստացված տվյալները բացատրելու համար Բոլոնիայի եւ Պադովայի համալսարանների մասնագետները նոր տեսլական են առաջարկել։ Փաստն այն է, որ, ինչպես պարզել են Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի մասնագետները, հոմինինները, որոնց մնացորդները հայտնաբերվել են Բուլղարիայում, ոչ միայն ժամանել են Աֆրիկայից Եվրասիա պաշտոնապես ընդունված ամսաթվից շուտ, այլեւ հասցրել են խաչասերվել նեանդերթալցիների հետ, գրում է Planet Today-ը:
«Մոտ 45 հազար տարի առաջ էքսպանսիայի նոր ալիք է դուրս եկել Աֆրիկայից եւ գրավել լայն տարածք Եվրոպայից մինչեւ Արեւելյան Ասիա եւ Օվկիանիա: Այս մարդիկ մեզ գործիքներ են թողել վաղ Վերին պալեոլիթի ժամանակաշրջանից»,- ասել է մարդաբան Լեոնարդո Վալինին Պադուայի համալսարանից:
Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ապրում էին Ասիայում, բարգավաճել են։ Այս մարդկանց գեները դեռ կարելի է գտնել մեր ժամանակակիցների մեջ: Սակայն Եվրոպայում տեղի է ունեցել մի իրադարձություն, որի պատճառով միգրացիան այդ տարածքում դադարել է։
Գիտնականների գնահատմամբ՝ Եվրոպայի բնակչությանը վերականգնելու համար անհրաժեշտ էր եւս միգրացիա։ Եվ, հավանաբար, դա տեղի է ունեցել։ Սակայն այն, թե ինչն է ստիպել մարդկանց նորից ու նորից գալ այդ տարածքներ, անհայտ է մնում։