Գերմանիայի նախագահը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Պուտինին եւ Լավրովին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կողմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պատասխանատվության ենթարկելուն։ «Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է Ուկրաինայում հանցագործությունների համար, պետք է պատժվի»,- ասել է նա Der Spiegel շաբաթաթերթին:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն զինվորներին ու նրանց հրաման տվողներին, այլեւ «քաղաքական պատասխանատվություն կրողներին»։ Շտայնմայերը նշել է, որ «կադրերը Կիեւի Բուչա արվարձանից սարսափելի են եւ անտանելի», հաղորդում է Deutsche Welle-ն։
«Դրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ է նշանակում Ռուսաստանի հանցավոր հարձակումն Ուկրաինայի վրա եւ ինչ տառապանք, մահ եւ աքսոր է բերում այն»,- ասել է նա:
Գերմանիայի նախագահը նաեւ ասել է, որ չէր սպասում, որ Կրեմլը կորոշի պատերազմ սկսել Ուկրաինայում։
«Ես փոփոխություններ տեսա ռուսական քաղաքականության մեջ, բայց, անկեղծ ասած, ես հույս ունեի, որ Վլադիմիր Պուտինի մոտ ռացիոնալություն է մնացել»,- հավելել է նա։
Շտայնմայերի խոսքով՝ ինքը «չէր պատկերացնում, որ ՌԴ նախագահն իր կայսերական խելագարության մեջ վտանգի կենթարկի իր երկրի լիակատար քաղաքական, տնտեսական ու բարոյական կործանումը»։ «Այս հարձակումը ցնցել է ինձ»,- հավելել է Շտայնմայերը։