Պարենի համաշխարհային գներն աճում են ամենաարագ տեմպերով․ Bloomberg
Պարենի համաշխարհային գներն աճում են ամենաարագ տեմպերով, քանի որ Ուկրաինայում պատերազմն անդրադառնում է գյուղատնտեսական մշակաբույսերի պաշարների վրա՝ սպառողներին հասցնելով ավելի շատ ինֆլյացիոն տառապանքներ եւ խորացնելով համաշխարհային սովի ճգնաժամը, գրում է Bloomberg-ը։
Պատերազմը վնաս է հասցրել կարեւորագույն սեւծովյան տարածաշրջանում մատակարարումների շղթաներին՝ խախտելով համաշխարհային առեւտրի հոսքերը եւ խուճապ առաջացնելով՝ կապված հիմնական սննդամթերքի դեֆիցիտի հետ։ Սա հանգեցրել է պարենային ապրանքների ռեկորդային բարձր գների, որոնք արդեն իսկ բարձրացել էին մինչ հակամարտությունը, իսկ անցած ամիս ՄԱԿ-ի համաշխարհային ծախսերի ինդեքսն աճել է եւս 13 տոկոսով։
Ուկրաինայի նավահանգիստները փակ են, եւ շատ նավեր խուսափում են տարածաշրջանից, որին բաժին է ընկնում հացահատիկի առեւտրի մոտ մեկ քառորդը: Ակնկալվում է, որ Ուկրաինայում ֆերմերները կտրուկ կկրճատեն ցանքատարածությունները։ Երկիրը ողջ ուժով փորձում է արտահանել արդեն հավաքած բերքը: Աշխարհի այլ երկրներում էներգակիրների եւ պարարտանյութերի բարձր գները բարձրացնում են սննդամթերքի արտադրության ծախսերը։
Պարենային ապրանքների գների աճը մեծապես զգացվում է աղքատ երկրներում, որտեղ սննդամթերքը կազմում է սպառողական բյուջեի մեծ մասը, իսկ ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը հանգեցրել է հիմնական սննդամթերքի, օրինակ՝ հացի գների կտրուկ աճի:
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաշխարհային գների ինդեքսը 2020թ․ կեսերից բարձրացել է ավելի քան 50 տոկոսով՝ գերազանցելով 2008 եւ 2011 թթ․ մակարդակները, որոնք նպաստել են պարենային գլոբալ ճգնաժամներին: ՄԱԿ-ը զգուշացրել է, որ գները կարող են էլ ավելի բարձրանալ։