Թուրքերի 60 տոկոսը կարծում է, որ երկիրը վատ է կառավարվում․ իշխող կուսակցության աջակցությունը նվազում է
Թուրքերի 60 տոկոսը կարծում է, որ երկիրը վատ է կառավարվում՝ ըստ Yöneylem սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից մարտին անցկացված հարցման:
Մեկ տարի առաջ այս կարծիքին էր Թուրքիայի բնակչության 45 տոկոսը։
Հարցմանը մասնակցածների միայն 22 տոկոսն է կարծում, որ Թուրքիան լավ է կառավարվում, գրում է թուրքական Bianet գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը իշխանության է եկել 2002թ․, ըստ բազմաթիվ սոցհարցումների, կորցնում է աջակցությունը։
Հաջորդ տարվա հունիսին Թուրքիայում կանցկացվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
Երկրում ինֆլյացիան աճել է, իսկ երկրի ժողովրդավարական ցուցանիշները վատթարացել են 2018թ․կառավարման ամբողջական նախագահական համակարգի ներդրումից հետո, նշում է Ahval-ը։
Իշխող կուսակցության աջակիցների 70 տոկոսը հայտարարել է, որ երկիրը լավ է կառավարվում, մինչդեռ 8 տոկոսը հակառակ կարծիքին է: Հարցվածների 31 տոկոսն ասել է, որ կքվեարկի Էրդողանի կուսակցության օգտին, մինչդեռ 28 տոկոսը կողմ է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը։