«Հետո ինչ, որ Լավրովն է, նա պետք է իմանա, որ ՀՀ-ում ռուսական դպրոցների կարիք չկա»․ Վիգեն Խաչատրյան
Տեսանյութեր«Եթե ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունները ողջ ծավալով ի վիճակի չլինեն ապահովել, երևի պետք է մտածել այլ մակարդակի միջազգային խաղաղապահ ուժերի մասին։ Եվ հենց ռուսների հետ պետք է քննարկել այդ լծակը ուժեղացնելու հարցը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքում Ադրբեջանի զինուժի առաջխաղացմանը։
Վ․Խաչատրյանն անդրադարձավ նաև այսօր Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ ունենալ սերտ համագործակցություն մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում։
ՌԴ արտգործնախարարը նաև միասնական կրթական, գիտական և լեզվական տարածքի ամրապնդման անհրաժեշտության, ՀՀ-ում ռուսական դպրոցների ավելացման հարց է բարձրացրել։
«Պետք է իրենց բացատրել, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, և մենք նախ շահագրգռված ենք, որ մեր ժողովուրդը հայերենին նորմալ տիրապետի։ Անգամ բարձր պաշտոնյաներ ունենք, որ հայերեն լավ չեն խոսում։ Իսկ մեր ցանկացած գործընկերոջը պետք է հիշեցնել, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է»,- արձագանքեց պատգամավորը։