ՀՅԴ–ական երիտասարդները Արցախի նոր դրոշ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում
ՀՅԴ–ական երիտասարդները Արցախի նոր դրոշ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո հանրահավաքի կազմակերպիչները Արցախի դրոշ էին տեղադրել Ֆրանսիայի հրպարակում, իսկ արդեն այսօր առավոտյան Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եկել էին փոխելու դրոշը, բայց տեսան, որ մի խումբ քաղաքացիներ արդեն եկել են դրոշը փոխելու:
«Հիմա իրարից անկախ մի քանի խումբ քաղաքացիներ եկել են ամեն մեկը դրոշը փոխելու:
Կարծում եմ՝ այն շարժումը, որի անունը չեմ ուզում տալ, իրենց ձեռքով իշխող խմբակի պատասխանն էր ապրիլի 5-ի հանրահավաքին: Փաստորեն, իշխանությունը զավթած խմբակի պատասխանը Արցախի դրոշը պղծելն էր: Այստեղ ոստիկանական խմբերը ծառայություն են իրականացնում եւ հարց է առաջանում, թե ինչպես են մարդիկ անխոչընդոտ հասել այստեղ, ներկել դրոշը ու հեռացել»,-ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով նրան, որ Արտաշատում եւս ինչ-որ մարդիկ հեռացրել էին Արցախի դրոշը, նա ասաց, որ պատկան մարմինները նորից տեղադրում են դրոշը այնտեղ:
«Սա արժանապատվության դրսեւորում է, արժանապատվությունը Հայաստանում հաղթելու է»,-ասաց Վարդանյանը: