Փարիզի քաղաքապետը Ֆրանսիային կոչ է արել բռնագրավել ռուսական ավելի քան 200 նկարների հավաքածուն
Փարիզի քաղաքապետը Ֆրանսիային կոչ է արել բռնագրավել Ռուսաստանի տրամադրած ավելի քան 200 նկարներից բաղկացած թանկարժեք հավաքածուն՝ որպես պատիժ Վլադիմիր Պուտինին՝ «Ուկրաինա ներխուժելու համար», տեղեկացրել է Reuters-ը։
«Երբ խոսքը Ռուսաստանի պետությանը կամ օլիգարխներին պատկանող արվեստի ստեղծագործությունների մասին է, մշակույթի աշխարհը նույնպես պետք է համերաշխ լինի ուկրաինացի ժողովրդի հետ»,- ասել է Էն Իդալգոն, որը նախագահի թեկնածու է առաջադրվել Սոցիալիստական կուսակցությունից։
Իդալգոն ասել է, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը պետք է բռնագրավի Մորոզովյան ամբողջ հավաքածուն հանրահայտ ցուցահանդեսում, որը վերջերս ավարտել է վեցամսյա ցուցադրությունը Փարիզի Լուի Վիտոնի հիմնադրամում։ Այն ներառում է եվրոպացի եւ ռուս նկարիչների՝ Ռուսաստանին պատկանող կտավներ, որոնց թվում կան նաեւ Վան Գոգի, Պիկասոյի եւ Մալեւիչի նկարներից։
Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հայտարարել էր ավելի քան 42 մլն եվրո արժողությամբ արվեստի ստեղծագործությունների բռնագրավման մասին, որոնք պետք է վերադարձվեին Ռուսաստանին՝ վարձակալությամբ Իտալիայի եւ Ճապոնիայի թանգարաններում ցուցադրվելուց հետո։
Չնայած Իդալգոյի եւ այլ անձանց՝ Ռուսաստանին պատկանող արվեստի գործերը բռնագրավելու կոչերին, Փարիզում Ռուսաստանի դեսպանության աղբյուրը Bloomberg-ին տեղեկացրել է, որ դրանք կվերադարձվեն Ռուսաստանին «ամենաանվտանգ ճանապարհով»։