ՌԴ ԿԲ-ն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը մինչև տարեկան 17 տոկոս
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը որոշել է երկուշաբթի օրվանից՝ ապրիլի 11-ից, նվազեցնել հիմնական տոկոսադրույքը 300 բազիսային կետով՝ մինչեւ տարեկան 17 տոկոս, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռուսաստանի տնտեսության համար արտաքին պայմանները բարդ են մնում եւ էապես սահմանափակում են տնտեսական գործունեությունը։ Ֆինանսական կայունության ռիսկերը պահպանվում են, սակայն այսօր դրանք դադարել են աճել, այդ թվում՝ կապիտալի շարժի վերահսկման համար ձեռնարկված միջոցառումների շնորհիվ»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։
Ժամկետային ավանդների համար միջոցների կայուն ներհոսք կա, նշվում է զեկույցում։ «Բազայի էֆեկտի շնորհիվ տարեկան գնաճը կշարունակի աճել, սակայն վերջին շաբաթական տվյալները վկայում են գների աճի ընթացիկ տեմպերի զգալի դանդաղման մասին, այդ թվում՝ ռուբլու փոխարժեքի դինամիկայի հաշվին»,- նշել են ԿԲ-ից։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ դրամավարկային պայմանների խստացումը մասամբ փոխհատուցվել է «կառավարության եւ Ռուսաստանի բանկի վարկային աջակցության ծրագրերով, սակայն ընդհանուր առմամբ կշարունակվի սահմանափակել գնաճամետ ռիսկերը»:
Տոկոսադրույքի նվազեցման այսօրվա որոշումը «արտացոլում է սպառողական գների աճի արագացման, տնտեսական ակտիվության դանդաղեցման եւ ֆինանսական կայունության համար ռիսկերի բալանսի փոփոխությունը»։
Ռուսաստանի Բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումները կկայացնի՝ ելնելով արտաքին եւ ներքին պայմաններից բխող ռիսկերի գնահատումից, դրանց նկատմամբ ֆինանսական շուկաների արձագանքից եւ հաշվի առնելով գնաճի իրական եւ սպասվող դինամիկան՝ տնտեսության նպատակի, զարգացոման մասով: Կարգավորիչն առաջիկա նիստերին հիմնական դրույքաչափի հետագա իջեցում է թույլ տալիս:
Տոկոսադրույքների հետ կապված հաջորդ պլանային նիստը կկայանա ապրիլի 29-ին։