Չավուշօղլուն Վաշինգտոն այցելելու հրավեր է ստացել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենը մայիսի 18-ին իրեն հրավիրել է Վաշինգտոն՝ երկրների միջեւ հարաբերությունների բարելավման վերջին ջանքերի ֆոնին բանակցությունների համար:
Վաշինգտոնի հետ բանակցությունները F-16 ինքնաթիռներ եւ արդիականացման սարքավորումներ գնելու վերաբերյալ Անկարայի հայտով լավ են ընթանում, եւ Թուրքիան ողջունում է հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը նամակ է ուղարկել Կոնգրես, որում ասվում է, որ վաճառքը բխում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերից, հայտնում է Bloomberg HT Turkish-ը:
Հոկտեմբերին Թուրքիան 40 F-16 կործանիչներ եւ առկա մարտական ինքնաթիռների համար մոտ 80 արդիականացման կոմպլեկտների գնման հայտ էր ներկայացրել:
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ուղղված նամակում հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կարծում է, որ Թուրքիային կործանիչների հնարավոր վաճառքը կբխի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, ինչպես նաեւ կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը:
Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները երկար ժամանակ լարված էին մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության «Ս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման եւ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
ԱՄՆ-ն եւ Թուրքիան այս շաբաթ հարթակ գործարկեցին իրենց լարված հարաբերությունների ՝ բարելավման եւ ամրապնդման համար: