Նյու Յորքի գլխավոր դատախազությունը դատարանին խնդրել է Թրամփին օրական 10 000 դոլարի տուգանք նշանակել
Նյու Յորքի գլխավոր դատախազը հինգշաբթի օրը դատարանին խնդրել է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին եւ տուգանել նրան օրական 10 000 դոլարի չափով՝ բիզնես պրակտիկայի վերաբերյալ քաղաքացիական հետաքննության շրջանակներում փաստաթղթեր ներկայացնելու պահանջը չկատարելու համար, հայտնում է AP-ն:
Նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը դատական փաստաթղթերում հաստատել է, որ Թրամփը պետք է տուգանվի «այն գումարով, որը բավարար է, որպեսզի նրան հարկադրվի կատարել պահանջները» այն բանից հետո, երբ նա բաց է թողել փաստաթղթերը հանձնելու համար դատարանի կողմից սահմանված ժամկետը, որը մարտի 31-ին էր:
Ջեյմսի խոսքով՝ Թրամփը դատարանի փետրվարյան որոշման բողոքարկման գործընթացում է, որի ժամանակ նա քաղաքացիական հետաքննության շրջանակներում երդման տակ պատասխանել է հարցերին, սակայն չի բողոքարկել փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը:
Գլխավոր դատախազն ասել է, թե ԱՄՆ նախկին նախագահի բիզնես պրակտիկայի վերաբերյալ իր հետաքննությունը ցույց է տվել, որ նա կարող էր ավելի քան մեկ տասնամյակ ֆինանսական հաշվետվություններում խեղաթյուրել այնպիսի ակտիվների արժեքը, ինչպիսիք են գոլֆի դաշտերը եւ երկնաքերները:
Գլխավոր դատախազությունը նաեւ հայտարարել է, որ խնդրել է Թրամփի ցուցմունքներն ու փաստաթղթերը, որպեսզի պարզի, թե խարդախություն է արդյոք վարկատուներին, հարկային մարմիններին եւ այլ գործարար շրջանակներին ցույց տված արժեքի խեղաթյուրումը, եւ եթե այո, ապա ով է կատարել այդ խարդախությունը: