Վաշինգտոնը Զելենսկուն դրդում է շարունակել ռազմական գործողությունները․ Լավրով
Ուկրաինան ավելի վաղ խոստացել էր, որ անվտանգության երաշխիքները չեն տարածվի Ղրիմի վրա, սակայն համաձայնագրի նոր տարբերակում այդ կետը բացակայում է, փոխարենը՝ ձեւակերպումն անորոշ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Հիշեցնեմ, որ Ստամբուլի այդ փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձեւակերպել էին, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի եւ Սեւաստոպոլի վրա։ Երեկվա նախագծում այս հստակ ձեւակերպումը բացակայում է»,- ասել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ դրա փոխարեն առաջարկվում են «փետրվարի 23-ի դրությամբ ինչ-որ արդյունավետ վերահսկողության մասին անորոշ ձեւակերպումներ»։ «Երեկ ուկրաինական կողմը բանակցային խմբին է ներկայացրել իր համաձայնագրի նախագիծը, որը շեղում է մարտի 29-ին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ արձանագրված ամենակարեւոր դրույթներից»,- հավելել է Լավրովը։
«Անշուշտ, հաջորդ փուլում ուկրաինական կողմը կխնդրի զորքերը դուրս բերել։ Այս միտքը հասկանալի է, բայց անընդունելի»,- ընդգծել է նա։
Լավրովը նշել է, որ չնայած բոլոր սադրանքներին՝ ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ տանելով ռուսական համաձայնագրի նախագիծը, որը հստակ եւ ամբողջությամբ շարադրում է բոլոր սկզբնական, առանցքային դիրքորոշումներն ու պահանջները։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Զելենսկուն դրդում է շարունակել ռազմական գործողությունները։