Հետաքրքրիր է իմանալ. Ռոբոտներին սովորեցրել են հագցնել անկողնային հիվանդներին
Լոնդոնի Կայսերական քոլեջի Անհատական ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի աշխատակիցները ռոբոտին սովորեցրել են վիրահատական խալաթ հագցնել մեջքի վրա պառկած մանեկենին: Science Robotics ամսագրում հրապարակված իրենց հոդվածում Ֆան Չժանը եւ Յանիս Դեմիրիսը նկարագրել են այն մոտեցումը, որը նրանք օգտագործել են ռոբոտին սովորեցնելու համար:
Հետազոտողները եւ ինժեներները շարունակում են ռոբոտներին ինտեգրել առողջապահության ոլորտում: Այս դեպքում հիմնական նպատակը հիվանդանոցներում մասամբ անդամալույծ հիվանդներին օգնելն է: Նման դեպքերում հագուստը փոխելու գործով բուժաշխատողներն են զբաղվում։ Դժվար է ռոբոտին սովորեցնել հագցնել հիվանդին, պատճառը հագուստի պատրաստման համար օգտագործվող նյութերի փափուկ բնույթն է: Այս խնդիրը լուծելու համար Չժանն ու Դեմիրիսը նոր մոտեցում են կիրառել, գրում է Hi-Tech-ը։
Նրանք ռոբոտին տեղադրել են մոդելավորված հիվանդասենյակում, որտեղ մանեկենին դեմքով վեր պառկեցրել են մահճակալին: Պատին ամրացված է եղել կեռիկ, որից կախել են հիվանդանոցային խալաթը: Ռոբոտի խնդիրն է եղել հանել խալաթը կախիչից, դնել այն օպտիմալ դիրքում, մոտենալ մահճակալին, որոշել «պացիենտին» եւ նրա դիրքը տարածության մեջ։ Եվ հետո խալաթը հագցնել հիվանդին՝ հերթով բարձրացնելով յուրաքանչյուր ձեռքը եւ բնական ճանապարհով քաշելով խալաթը յուրաքանչյուրի վրա:
Ռոբոտին մի շարք առաջադրանքներ կատարել սովորեցնելու համար հետազոտողները գործողությունների հաջորդականությունը բաժանել են մի շարք միմյանց հետ չկապված քայլերի: Նրանք նաեւ ստեղծել են մի քանի մոդելներ՝ որպես ուսումնական տարրեր, որոնք ռոբոտին ցույց են տվել ինչպես տարբերել գույներն ու հյուսվածքները: Հետո նրանք ռոբոտին սովորեցրել են ընտրություն կատարել գործողության տարբեր տարբերակների միջեւ:
Նոր մոտեցումը փորձարկելիս ինժեներները պարզել են, որ մոտ 90 տոկոս դեպքերում կարող են ռոբոտին սովորեցնել ինչպես ճիշտ հագցնել մանեկենին: Ընդհանուր առմամբ նրանք 200 փորձարկում են անցկացրել։