Պեսկովը հավատում է` Պուտինը ռազմական հանցագործների դատարանում չի հայտնվի
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ մի շանս չկա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ռազմական հանցագործների դատարանում։ Այս մասին հայտարարել է Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Украинская правда-ն:
Բրիտանացի լրագրողը հարցրել է, թե արդյոք Պուտինը անհանգստացած է, որ կարող է հայտնվել ռազմական հանցագործների դատարանում: Լրագրողի հարցին ի պատասխան Պեսկովն ասել է. «Ոչ, մենք դրա հավանականությունը չենք տեսնում»։
Նշենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ապրիլի 7-ին քվեարկել են բանաձևի շուրջ, որը կոչ է անում ստեղծել ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ՝ ուկրաինացիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար: Միջազգային իրավունքի ճանաչված իշխանությունները աշխատում են հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ՝ Պուտինին և Կրեմլի վերնախավին Ուկրաինայի դեմ պատերազմի համար դատապարտելու և պատժելու համար: Նրանց գաղափարը պաշտպանել են Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետներ Գորդոն Բրաունը և Ջոն Մեյջորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։