Ռուսական ԶՈւ-ն կրակ է բացել Խարկովի շրջանի խաղաղ բնակչության վրա
Ռուսաստանի զինված ուժերը այսօր՝ ապրիլի 7-ին, կրակ են բացել Խարկովի շրջանի խաղաղ բնակչության վրա, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, փոխանցում է Украинская правда-ն։
«Թշնամին իր անզորությունից շարունակում է հարձակվել խաղաղ բնակչության վրա: Ալեքսեևկայի և Սալտովկայի տարածքում ռուսական կողմը կրկին հրետանային կրակ է բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Ցավոք, Խարկովի տարածաշրջանում՝ 14 վիրավոր և 1 զոհ ունենք: Իզյումի ուղղությամբ իրավիճակը կրիտիկական է»,- ասել է նա:
Սինեգուբովի խոսքով՝ Ռուսաստանը կփորձի այնտեղ տեղափոխել մեծ քանակությամբ տեխնիկա, որը Ուկրաինայի զինված ուժերն ամեն օր ոչնչացնում են։ Այսօր Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները անձնակազմի հետ միասին ոչնչացրել են հակառակորդի «Գրադ» կայանքներից մեկը։
Վերջինս նշել է, որ Լոզովայա և Բարվինկովո քաղաքներից բնակիչների տարհանումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։