Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ հինգշաբթի ընդունել է Արևմուտքի բանաձևը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշմանը «կողմ» է քվեարկել 93, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 58 մասնակից։
Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվել է։
Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը աներևակայելի է համարում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների՝ Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու փորձերը։ Նրա խոսքերով՝ այդ փորձերն աննախադեպ են։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 անդամից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության ամբողջական կազմից երեք տարով։ Անդամությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է ուժի մեջ լինել մինչև խորհրդին որոշակի պետության անդամակցության ժամկետի ավարտը։ Հետագայում երկիրն իրավունք ունի կրկին դիմել անդամակցության համար։