EastMed գազամուղը կենսունակ չէ. Վիկտորյա Նուլանդ
Եվրոպան պետք է արագ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնի, բայց դեպի մայրցամաք Իսրայելով, Կիպրոսով ու Հունաստանով արեւելա-միջերկրածովյան գազի առաջարկվող խողովակաշարը կենսունակ չէ։ Այս մասին ասել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, տեղեկացրել է Reuters-ը։
«Գաղափարն այն է, որպեսզի անցկացվի շատ երկար խողովակաշար՝ շատ մեծ խորության վրա, մոտավորապես 10 տարվա ընթացքում, եւ մենք կարծում ենք, որ դա չափազանց թանկ է, տնտեսապես անշահավետ եւ չափից ավելի շատ ժամանակ կպահանջի»,- նշել է Վիկտորյա Նուլանդը։ «Անկեղծ ասած՝ մենք 10 տարի չունենք»,- ասել է նա լրագրողներին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում։
Կիպրոսը, Իսրայելը եւ Հունաստանը դիտարկում էին Եվրոպայի հետ Արեւելյան Միջերկրածովում գազի հանքը միավորող խողովակաշարի անցկացման հնարավորությունը, բայց նախագիծը անհաջողության մատնվեց, երբ հունվարին ԱՄՆ-ը դադարեցրեց նախագծի քաղաքական աջակցությունը։
Սպասվում է, որ այս տարի երեք երկրները որոշում կկայացնեն 6 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարի, որը հայտնի է որպես EastMed, կենսունակության մասին։
«Ամենուրեք կա էներգիայի այլընտրանքային աղբյուրի պահանջ։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանի երկրները հասկացել են, որ կախվածությունը ռուսական նավթից ու գազից չափազանց անհաջող տարբերակ է, եւ կա շահերի նմանություն մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում»,- ասել է Նուլանդը։
Վերջին ժամանակներս վերսկսվել են խոսակցությունները Իսրայելից Թուրքիա խողովակաշարի մասին, որոնք երկրորդ պլան էին մղվել նրանց միջեւ քաղաքական լարվածության պատճառով։
Այդ տարբերակը Կիպրոսի հետ խորհրդակցություններ կպահանջի, որը Թուրքիան չի ճանաչի, եթե այն անցնի կիպրոսյան ջրերով։