Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտում անվտանգության հարցերով զբաղվող գործակալությունը սկսել է SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր մուտացիայի ուսումնասիրությունը
Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտում անվտանգության հարցերով զբաղվող գործակալությունը (UKHSA) սկսել է SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր մուտացիայի ուսումնասիրությունը։ Նոր մուտացիան ստացել է XE անվանումը։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի առողջապահության մարմիններին։
Ստացված առաջին տվյալները վկայում են XE-ի բարձր վարակելիության մասին։ Այն առաջացել է կորոնավիրուսային վարակի BA.1 եւ BA.2 ենթատեսակներից եւ օմիկրոնի հայտնի մյուս մուտացիաների համեմատ 10 տոկոսով ավելի վարակիչ է։ Մարտի 22-ի դրությամբ Անգլիայում գրանցվել է XE-ով վարակման 637 դեպք։
UKHSA-ում նաեւ նշել են, որ հիվանդացածների թիվն առայժմ բավարար չափով մեծ չէ՝ մուտացիայի փոխանցելիության, ինչպես նաեւ ընթացքի ծանրության ու գոյություն ունեցող պատվաստանյութերի հետ փոխգործակցության լիարժեք ուսումնասիրություն կատարելու համար։