Թուրքիան Սաուդյան Արաբիային է փոխանցել Ջամալ Խաշոգջիի գործը
Թուրքական դատարանը որոշել է կասեցնել Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանության մեջ մեղադրվող 26 սաուդցիների հեռակա դատավարությունը եւ գործը փոխանցել Սաուդյան Արաբիա, փոխանցում է AP-ն։
Որոշումն ընդունվել է՝ չնայած իրավապաշտպան կազմակերպությունների նախազգուշացումներին առ այն, որ գործը թագավորությանը հանձնելը սպանության կոծկման կհանգեցնի:
Դա կապված է նաեւ նրա հետ, որ տնտեսական անկում ապրող Թուրքիան փորձում է վերականգնել իր բարդ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ տարածաշրջանի մի քանի այլ երկրների հետ։ ԶԼՄ-ները գրում էին, որ Էր Ռիադը պայման է դրել. հարաբերությունների բարելավումը կախված է Թուրքիայի կողմից սաուդցիների դեմ գործի կասեցումից։
Հիշեցնենք, որ Խաշոգջին սպանվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Նա սպանվել էր հատուկ այդ նպատակով Թուրքիա ժամանած սաուդցիների կողմից։ Ենթադրաբար, սպանությունից հետո նրա մարմինը մասնատվել ու այրվել էր։ Մնացորդներն այդպես էլ չեն գտնվել։ Թուրքիան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին մեղադրել է սպանությանը մասնակցության մեջ։