Եմենի նախագահն իր լիազորությունները պատվիրակել է նախագահական խորհրդին
Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուրա Խադին իր լիազորությունները պատվիրակել է նախագահական խորհրդին, ինչն արժանացել է Սաուդյան Արաբիայի հավանությանը։ Դա հեշտացրել է յոթնամյա պատերազմի դադարեցման բանակցությունների վերսկսմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը, տեղեկացրել է Reuters-ը։
Էր Ռիյադը հայտարարել է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարությանը 3 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության մասին՝ նախագահ Աբդ-Ռաբու Մանսուրա Խադիի հայտարարությունից հետո։ Թագավորությունը նաեւ հուսիների հետ, որոնք պայքարում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, բանակցությունների կոչ է արել։
«Ես անշրջելիորեն նախագահական խորհրդին եմ պատվիրակում իմ բոլոր լիազորությունները՝ սահմանադրության, Պարսից ծոցի նախաձեռնության եւ նրա գործադիր մեխանիզմի համապատասխան»,- ասել է Խադին։
Սաուդյան Արաբիան խորհրդին կոչ է արել «բանակցություններ սկսել հուսիների հետ՝ Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո, վերջնական եւ համապարփակ որոշման հասնելու համար»։
Նոր ղեկավարող խորհուրդը, որն ունի նախագահ եւ յոթ փոխնախագահ, կգլխավորի Ռաշադ ալ-Ալիմին, որը վայելում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը եւ սերտ կապեր ունի քաղաքական խոշոր խմբավորման՝ «Իսլահ» իսլամիստական կուսակցության հետ։
Սաուդյան Արաբիան եւ կոալիցիայի գծով նրա գործընկեր ԱՄԷ-ն 1-ական մլրդ դոլար կներդնեն Եմենի կենտրոնական բանկում, իսկ թագավորությունը լրացուցիչ 1 մլրդ դոլար կհատկացնի նավթամթերքների եւ դրանց մշակման համար։