Ռոբերտ Քոչարյանը գոհ է եղել հանրահավաքից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին Ազատության հրապարակում հրավիրել էին հանրահավաք՝ հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության: Բավականին սուր ելույթներից հետո ընդունվեց նաև հայտարարություն, որով փաստացի հաստատագրվեցին այն կարմիր գծերը, որոնք տրորելը, այսինքն՝ հանրահավաքի կողմից ներկայացված սկզբունքների չիրագործումը «անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։
Ի դեպ, մեկ ժամով Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ակցիան, երբ փակվեցին հարակից բոլոր փողոցները, իսկ հրապարակում դրվեց Արցախի դրոշը, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, նաև խորհրդանշական էր: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, թե հենց այստեղից 2018 թ. սկսվեց «Արցախի դրոշի իջեցման գործընթացը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ստացած վնասվածքի պատճառով չէր կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հանրահավաքին, թիմակիցների հետ հեռախոսազրույցների ժամանակ իր գոհունակությունն է հայտնել թե՛ հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների, թե՛ ելույթների ու, ընդհանրապես, բովանդակային առումով, թե՛ նաև մասնակիցների բավական պատկառելի թվաքանակի տեսանկյունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: