Իվան Ուրգանտը վաճառում է Ռուսաստանում իր անշարժ գույքը
Հեռուստահաղորդավար և շոումեն Իվան Ուրգանտը, ով անցած շաբաթ Իսրայելում անցկացրած հանգստից վերադարձել է Ռուսաստան, վաճառում է Մոսկվայում իր ունեցվածքը։ Այս մասին հայտնում է «ВЧК-ОГПУ» Telegram-ալիքը։
Telegram-ալիքի տվյալներով՝ Իվան Ուրգանտը բանակցել է Մոսկվայում իր բնակարանների և Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան վաճառքի շուրջ։ Բացի այդ, հեռուստահաղորդավարը, իբր, մտածել է Իսրայելում կամ Վրաստանում տուն գնելու մասին։
Ալիքի տվյալներով՝ Ուրգանտն Իսրայել է մեկնել ոչ թե արձակուրդի, այլ որպեսզի իր ընտանիքի անդամները դիմեն քաղաքացիություն ստանալու համար։ Ինքը՝ հեռուստահաղորդավարը, ըստ լրատվամիջոցների, 2018 թվականից Իսրայելի քաղաքացիություն ունի։
Որդու` Իսրայելի քաղաքացիության մասին լուրերը մեկնաբանել է նրա հայրը՝ Անդրեյ Ուրգանտը։
«Ես ոչինչ չեմ կարող ասել Իսրայելի քաղաքացիության մասին, պարզապես չգիտեմ: Դա մեզ մոտ արգելվա՞ծ է։ Այսօր յուրաքանչյուր մարդ, եթե ունի հնարավորություն և ցանկություն, կարող է ստանալ ցանկացած երկրի անձնագիր»,- ասել է նա Woman.ru-ին։ Նա նշել է, որ այլ երկրի անձնագրի առկայությունը կամ բացակայությունը ոչինչ չի նշանակում, և պետք է նայել ոչ թե փաստաթղթերին, այլ մարդու գործողություններին։
«Թեև ես նույնիսկ չեմ կարող հստակ ասել, թե արդյոք նա Իսրայելի քաղաքացիություն ունի։ Հիմա Իվանը Ռուսաստանում է, դրանով ամեն ինչ ասված է»,- հավելել է Անդրեյ Ուրգանտը: