Ավստրալիայի մասնակցությունը հիպերձայնային հրթիռների մշակմանը «խաղաղության և կայունության հասնելու ջանքերի» մի մասն է
Ավստրալիայի մասնակցությունը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ հիպերձայնային հրթիռների մշակմանը «խաղաղության եւ կայունության հասնելու ջանքերի» մի մասն է։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, հաղորդում է Reuters-ը։
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ավստրալիան պայմանավորվել են համագործակցել հիպերձայնային զենքի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ոլորտում՝ AUKUS դաշինքի շրջանակում, որը երեք երկրները ստեղծեցին անցած տարի։
Մորիսոնի խոսքով՝ ինչպես կիբեռհնարավորությունները, հիպերձայնային հրթիռները ժամանակակից մարտական տեխնոլոգիայի մաս են, եւ Ավստրալիան ցանկանում է զգալիորեն բարելավել իր հնարավորությունները:
Հարցին, թե արդյոք նա ակնկալում է, որ Չինաստանը կներխուժի Թայվան հաջորդ տասնամյակում եւ արդյոք Ավստրալիան կներգրավվի որեւէ պատերազմի մեջ, Մորիսոնը պատասխանել է, որ երկիրը զարգացնում է պաշտպանական կարողություններ՝ նման սցենարներից խուսափելու համար:
«Մենք անում ենք ամեն ինչ՝ ավստրալացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ներառում է աշխատանքը AUKUS դաշինքի եւ Quad խմբի հետ: