Ռումինիայում ՌԴ դեսպանն ավտոմեքենայի՝ ՌԴ դեսպանատանը բախման միջադեպը «փաստացի ահաբեկչություն» է անվանել
Ռումինիայում Ռուսաստանի դեսպան Վալերի Կուզմինը Ռուսաստանի դեսպանատանն ավտոմեքենայի բախման միջադեպը «փաստացի ահաբեկչություն» է անվանել։ Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտոմեքենան բախվել էր Բուխարեստում ՌԴ դեսպանատան շենքին։ Միջադեպի հետեւանքով ավտոմեքենան բռնկվել էր, վարորդը մահացել էր: ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ բախումը պատահական չէր, գրում է «Կոմերսանտ»-ը:
«Այսօր վաղ առավոտյան փաստացի ահաբեկչություն է տեղի ունեցել, թեեւ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք դժվարացնում են այս միջադեպը պարզելը»,- ասել է դեսպանը։
ՌԴ ԱԳՆ-ում պնդում են, որ մահից առաջ ավտոմեքենայի վարորդը ինչ-որ բան է բղավել դեսպանատան պահակներին։ Ռումինիայում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ վարորդն այդ քայլին է գնացել ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձությունների շուրջ «հիստերիայի» պատճառով։
Ռումինական Digi24 եւ Antena3 պորտալների փոխանցմամբ՝ վարորդի անունը Բոգդան Դրագիչ էր։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրա կինը դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով նրան դստեր նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Բացի այդ, նա կասկածյալ էր այլ երեխաների նկատմամբ նմանատիպ հանցագործությունների գործով։ Բոգդան Դրագիչին արգելել էին լքել երկիրը մինչեւ 2022 թվականի մայիսի 26-ը։ Նախօրեին, ըստ Antena3-ի, նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել գործերից մեկով:
Սոցցանցերում վերջին գրառման մեջ Բոգդան Դրագիչն իրեն ուկրաինացի էր անվանել: «Ես նույնպես ծնունդով ուկրաինացի եմ: Հիանալի կլինի մեզ բոլորիս ուկրաինացիներ համարել, քանի դեռ սարսափելի պատերազմը չի ավարտվել»,- գրել էր նա։