Մզկիթի վերածված Անիի մայր տաճարի մոտ թուրքերը պեղումներ են իրականացնում
Այժմ Թուրքիայի կազմում գտնվող հայոց հազարումի եկեղեցիների քաղաքը' Անին, թուրքական իշխանությունների համար վերջին շրջանում տուրիզմի զարգացման նշանակություն է ձեռք բերել: Անիի ավերակներում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը' Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր տաճարը, որը թուրքերը կոչում են «Ֆեթհիե ջամիսի», մզկիթի է վերածված և թուրքական մամուլում հիշատակվում է որպես Անատոլիայի առաջին մզկիթը, որտեղ կատարվել է առաջին ուրբաթօրյա նամազը (մահմեդական աղոթք): Հայոց հինավուրց տաճարը մզկիթի է վերածվել դեռևս սուլթան Ալփարսլանի օրոք: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Միջանկյալ նշենք, որ թուրքերը միտումնավոր Անատոլիա բառի աշխարհագրական ընգրկումը տարածում են նաև Արևմտյան Հայաստանի վրա' փորձելով թուրքականացնել հայոց պատմական հողերի էթնոաշխարհագրական բովանդակւթյունը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության պետ Հաքան Դողանայը «Հաբեր 7» լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում հիշատակել է, որ մզկիթի վերածված նշյալ եկեղեցու կառուցումը սկսել է Սմբատ թագավորը 989 թվականին, իսկ նրա մահից գործն ավարտել է Կատրանիդե թագուհին է 1001 թվականին: Եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը:
Նշենք, որ խոսքը նույն այն նշանավոր հայ ճարտարապետի մասին է, ով վերականգնել էր Սուրբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա):
Դողանայը պատմել է, թե ինչու և ինչպես են թուրք սելջուկները մզկիթի վերածել այդ տաճարը: Ըստ սելջուլյան ավանդույթի' նրանք առաջին հերթին մզկիթ էին դարձնում նվաճված տարածքներում գտնվող ամենամեծ աղոթատունը: Նա նշել է նաև, որ գումար են հատկացնում տաճարի մոտ պեղումային աշխատանքներ իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ Դողանայը ոչ մի տեղ չի նշում եկեղեցու հայկական լինելը, Սմբատ թագավորի և Տրդատ ճարտարապետի հայ լինելը: