Թունիսը նախագահի հրամանագրի վերաբերյալ Էրդողանի մեկնաբանություններն անթույլատրելի միջամտություն է կոչել
Թունիսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները խորհրդարանի ցրման մասին «անթույլատրելի միջամտություն» են ներքին գործերին։
Էրդողանը քննադատել է նախագահ Քայիս Սայիդի՝ խորհրդարանը ցրելու մասին հրամանագիրը՝ այն «ժողովրդավարության արատավորում» եւ Թունիսի ժողովրդի կամքին ուղղված հարված անվանելով, հայտնում է Reuters-ը։
«Թունիսը զարմանք է հայտնում Թուրքիայի նախագահի հայտարարության առնչությամբ… այդ մեկնաբանություններն անընդունելի են»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ «Թունիսը վերահաստատում է բարեկամ երկրների հետ սերտ հարաբերություններ ունենալու իր ձգտումը, սակայն հավատարիմ է իր որոշման անկախությանը եւ մերժում է միջամտությունն իր ինքնիշխանությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Թունիսի արտգործնախարար Օսման Ջերանդին հայտարարել է, որ հեռախոսով խոսել է իր թուրք գործընկերոջ հետ եւ կանչել Թունիսում Թուրքիայի դեսպանին՝ նախագահ Էրդողանի մեկնաբանությունների կապակցությամբ դժգոհություն հայտնելու համար:
Թունիսում քաղաքական ճգնաժամը սրվել է անցյալ շաբաթ, երբ խորհրդարանի անդամների կեսից ավելին առցանց նիստ անցկացրեց՝ Սայիդի հրամանագրերի չեղարկման համար: Ի պատասխան՝ Սաիդը ցրեց խորհրդարանը եւ միանձնյա իշխանություն հաստատեց: