Օբաման այցելել է Սպիտակ տուն՝ փորձելով աջակցել Բայդենին եւ բարձրացնել դեմոկրատների բարոյական ոգին
Նախկին նախագահ Բարաք Օբաման 2017 թ. հունվարի մռայլ ձմեռային առավոտից հետո առաջին անգամ վերադարձել է Սպիտակ տուն, գրում է Guradian-ը։
Միացյալ Նահանգների 44-րդ նախագահին դիմավորել են խանդավառ աշխատակիցները։ Օբամային Օվալաձեւ աշխատասենյակում ընդունել է իրենից 19 տարով մեծ Բայդենը։ Նրանք ճաշել են, ինչպես նախկինում՝ Օբամայի պաշտոնավարման ժամանակ, երբ Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում էր: «Մենք վստահ չէինք, թե ով եւ որտեղ պետք է նստի»,- ավելի ուշ կատակով ասել է ԱՄՆ 46-րդ նախագահը։
Օբաման մասնակցել է Հասանելի բժշկական սպասարկման մասին օրենքի տոնակատարությանը, որը նաեւ հայտնի է որպես Obamacare, երբ Ջո Բայդենը հայտարարեց առողջապահական ծրագրում փոփոխությունների մասին, որոնց արդյունքում մինչեւ 200.000 չապահովագրված ամերիկացի նոր ապահովագրության հնարավորություն կունենա:
Օբամայի ստորագրած առողջապահական օրինագիծն այն ժամանակ քաղաքական պոպուլյարություն չէր վայելում եւ հանրապետականների հաղթանակին հանգեցրեց 2010-ի միջանկյալ ընտրություններում: Սակայն այժմ Հասանելի բժշկական սպասարկման մասին օրենքը պարտադիր է դարձել, եւ Բայդենը քաղաքական աջակցության կարիք ունի միջանկյալ ընտրությունների նախաշեմին:
Նա Օբամային խնդրել է խոսել օրենքի եւ այն մասին, թե քանի մարդու է օգնել այն Բայդենի կողմից այն ուժեղացնելու մասին հրամանը ստորագրելուց հետո:
«Փոխնախագահ Բայդենը,- սկսել է Օբաման՝ առաջացնելով լսարանի բարձր ծիծաղը, եւ հավելել է,- Դա կատակ էր»: Նա մոտեցել էր Բայդենին, սեղմել նրա ձեռքը: Բայդենը ծափահարել էր: «Այս ամենը բեմականացված էր: Իմ նախագահ, Ջո Բայդեն»,- ասել է Օբաման։
«Լավ է Սպիտակ տուն վերադառնալը: Շատ ժամանակ է անցել։ Պետք է խոստովանեմ. լսել եմ, որ նախագահը որոշ փոփոխություններ է կատարել այն պահից, երբ ես վերջին անգամ եղել եմ այստեղ»։
Օբամայի այցը միջանկյալ ընտրություններում հնարավոր պարտության կապակցությամբ մտահոգված բարոյալքված դեմոկրատներին ցույց տվեց, որ նրանք պետք է թափ տան իրենց եւ հիշեն, թե ինչի համար է քաղաքական իշխանությունը, նշում է CNN-ը։
«Ես ասպարեզում չեմ եւ գիտեմ, թե ինչպես մարդիկ կարող են հիասթափվել Վաշինգտոնից՝ դեմոկրատներից, հանրապետականներից, անկախներից,- ասել է Օբաման։- Երբեմն առաջընթացը չափազանց դանդաղ է թվում: Հաղթանակները հաճախ կիսատ են լինում։ Իսկ այնպիսի մեծ ու բազմազան երկրում, ինչպիսին մերն է, կոնսենսուսը երբեք հեշտությամբ ձեռք չի բերվում»։
Նախկին նախագահը, կարծես, ուղիղ կերպով խոսում էր իր կուսակցության հետ, որը պառակտված է առաջադեմների եւ չափավորների միջեւ տարաձայնությունների պատճառով, որոնք արգելափակել են սոցիալական ծախսերի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի Բայդենի հավակնոտ ծրագիրը:
Օբամայի այցը դեմոկրատների համար հույս էր, որ Բայդենը կարող է օգտագործել նախկին ղեկավարի դեռեւս բարձր դեմոկրատական վարկանիշը: Բայդենը վերջին շրջանում ուժերի ներածին չափով պայքարում է հարցումներում իր վարկանիշը բարձրացնելու համար, եւ կան լուրջ մտավախություններ, որ անտարբերությունն ու հիասթափությունը դեմոկրատ ընտրողների շրջանում կարող են հանրապետականներին հնարավորություն տալ այս տարվա միջանկյալ ընտրություններում: Օբաման ասում է, որ դեմոկրատներն ասելիք ունեն միջանկյալ ընտրություններում հաղթելու համար, նրանք «պարզապես պետք է ասեն դա», գրում է Independent-ը։