ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին
«Պետքարտուղարը ցավակցություն է հայտնել շաբաթվա վերջին Բաքվում գազի ողբերգական պայթյունի կապակցությամբ։ Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի ահավոր ռազմական հանցագործությունները Ուկրաինայում եւ ընդգծել է ԱՄՆ-ի ու նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա հանցակիցներին Ուկրաինայի դեմ չհրահրված եւ չարդարացված պատերազմի համար։ Քարտուղարը զսպվածության, դեէսկալացիայի եւ դիվանագիտության վերսկսման կոչ է արել։ Պետքարտուղարն ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ։ Պետքարտուղարը աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա խաղաղ բանակցություններին, ներառյալ՝ ապրիլի 6-ին նախագահ Ալիեւի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի (Շառլ - խմբ.) հետ։ Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ երկկողմ հիմունքներով փոխգործակցելով նաեւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որպեսզի օգնի երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության։
Հիշեցնենք, որ Էնթոնի Բլինկենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։