Կլիմայի աղետալի փոփոխությունները կանխելու պատուհանն արագորեն փակվում է
Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խումբը հրապարակել է իր վերջին զեկույցը, որում ասվում է, որ երկրները չեն կատարում ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու իրենց պարտավորությունները, որպեսզի կանխեն կլիմայի աղետալի փոփոխությունը: Թեեւ գոյություն ունի համաշխարհային ջերմաստիճանի միջին աճը 1,5 աստիճանից ցածր պահելու տեխնոլոգիա, ներկայիս քաղաքականությունն աշխարհը դրել է առնվազն երկու անգամ ավելի տաքացման հետագծի վրա:
Ըստ նրանց բացահայտումների՝ 1,5°C նպատակային ցուցանիշին հասնելու համար ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները 2025թ․ պետք է սկսեն նվազել եւ մինչեւ 2030թ․ ներկայիս մակարդակից իջնեն 43 տոկոսով, իսկ մինչեւ 2050թ․՝ 84 տոկոսով: Դրան հասնելու համար պահանջվում են հավակնոտ գործողություններ առաջիկա մի քանի տարիների ընթացքում խոշոր արտանետողների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Չինաստանը: Ավելի երկար սպասելը կնշանակի տնտեսական կորուստներ կլիմայի փոփոխության հետեւանքներից, ինչպիսիք են երաշտը, անտառային հրդեհները եւ ծովի մակարդակի բարձրացումը: Նույնիսկ մինչեւ 2°C տաքացումը սահմանափակելու համար կպահանջի մինչեւ 2025թ․ արտանետումների առավելագույն մակարդակ եւ մինչեւ 2030թ․ մոտ մեկ քառորդով դրանց կրճատում:
Աղետից խուսափելու ուղին այժմ պարզ է եւ տեխնոլոգիապես իրագործելի՝ արագ ձեւափոխել էներգետիկայի ոլորտը, որպեսզի այն ապավինի էներգիայի վերականգնվող աղբյուրներին, փոխադրել տրանսպորտը եւ ջեռուցումը էլեկտրական համակարգերի, ինչպես նաեւ մեծացնել ածխաթթու գազի հեռացումը ծխատար խողովակներից այնպիսի բարդ ասպարեզներում, ինչպիսիք են ցեմենտի եւ պողպատի արտադրությունը: Այն իրավիճակներում, երբ դա հնարավոր չէ, օրինակ՝ ավիաթռիչքների ժամանակ, ածխածնի արտանետումները կարող է փոխհատուցվել մթնոլորտից ածխածինը փաստացի հեռացնելու տեխնոլոգիայի միջոցով: