Բոլոր հիմքերն ունենք կարծելու` Բուչայի սադրանքը արվել է ուշադրությունը բանակցային գործընթացից շեղելու համար. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բուչայի մասին Ուկրաինայի կողմից տարածվող կեղծիքը կոչված է շեղելու ուշադրությունը այն փաստից, որ Ուկրաինան որոշել է հրաժարվել Ստամբուլում իր առաջարկներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ Բուչայի սադրանքը արվել է ուշադրությունը բանակցային գործընթացից շեղելու համար: Ուկրաինական կողմը Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո սկսել է խաղալ և փորձել է առաջ քաշել նոր պայմաններ»,- ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ Բուչայում տեղի ունեցածի մասին արևմտյան երկրների արձագանքները կարող են խաթարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները:
Ավելի վաղ ուկրաինական իշխանություններն ու լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել՝ նկարահանված Կիևի մարզի Բուչա քաղաքում, որտեղ ճանապարհին ընկած էին հարյուրավոր մարդկանց դիեր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։