Ռուբլին ուժեղ դիմակայության ունակություն է ցուցադրել. Ժոզեպ Բորել
Ռուսական ռուբլին լավ է դիմակայում ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, որոնք մտցվել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Cope ռադիոկայանի հարցազրույցում։
Ըստ նրա՝ ռուբլին ուժեղ դիմակայության ունակություն է ցուցադրել։
Բորելը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այժմ պնդում է, որ իրեն գազի դիմաց վճարեն ռուբլով՝ իր արժույթին սատարելու համար»։ «Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է նա։
«Մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային, բայց չենք ցանանում միջամտել պատերազմին,- ընդգծել է Բորելը։- ԵՄ-ը ռազմական միություն չէ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է օգնենք նրանց։ Մենք անում ենք ինչ կարող ենք, բայց չանցնելով կարմիր գծերը, որպեսզի հակամարտությունը չխորանա», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Բորելը տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է երեքշաբթի համաձայնեցնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։ «Մենք դեռեւս քննարկում ենք, թե ինչ անենք էներգետիկայի հարցում»,- ավելացրել է Բորելը։ Նա բացառել է եվրոպական մակարդակով Ռուսաստանից գազի ներմուծման արգելքի վերաբերյալ որոշման ընդունումը։ «Միահամուռ որոշում չի կարող ընդունվել, որովհետեւ արդեն կա երկիր, այն է՝ Հունգարիան, որը հայտարարել է, որ դրա վրա վետո կդնի»,- նշել է Բորելը։