Միջադեպ Ադրբեջանի և Իրանի սահմանին. սպանվել է ԻԻՀ-ի քաղաքացի
Ադրբեջանի և Իրանի սահմանին միջադեպ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, պետական սահմանապահ ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ տեղեկությունում նշվել է, որ ապրիլի 4-ին, մոտավորապես ժամը 20.45-ին «Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալի տեղամասում 6 անհայտ զինված մարդիկ շարժվել են Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ՝ խախտելով սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Սահմանախախտները չեն ենթարկվել «Կանգնի՛ր» հրամանին, ուստի սահմանապահ վերակարգը կրակ է բացել եւ վնասազերծել սահմանախախտներից մեկին։ Մյուս 5 սահմանախախտներին հաջողվել է փախչել։ Պարզվել է, որ վնասազերծված սահմանախախտը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է (ծնվ. 1996թ.), նրա մոտ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ եւ 32 կիլոգրամ 270 գրամ թմրանյութ։
Մյուս սահմանախախտներից մեկը՝ Մոհամեդ Զարեհի Թաղին, որին հաջողվել էր փախչել, կալանավորվել է։ Նրան բռնել են սահմանապահ գծում, մյուս սահմանախախտների որոնումները շարունակվում են։ Իրանական կողմը միջադեպի մասին տեղեկացվել է։