Ամերիկացի օրենսդիրները Բայդենին կոչ են արել ավելացնել Ուկրաինա զենքի մատակարարումը
Ամերիկացի օրենսդիրները Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել ավելացնել Ուկրաինա զենքի մատակարարումը, տեղեկացրել է CNN-ը։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Էնդի Քիմը եւ Ջեյսոն Քրոուն եւ Հանրապետական կուսակցության անդամ Փիթեր Մեյերը Բայդենին ուղղված նամակում կոչ են արել ավելի շատ զենք, ներառյալ մեծ հեռահարության «երկիր-երկինք» դասի հրիթռներ, կործանիչներ եւ հականավային հրթիռներ տրամադրել Ուկրաինային։ Ըստ օրենսդիրների՝ իրենց հարցապնդումը հիմնված է այն ցանկությունների ցուցակի վրա, որը Կապիտոլիումի բլրին անցած շաբաթ ներկայացրել են ուկրաինական պաշտոնական անձինք, դրանում նշվել են այն 17 ոլորտները, որոնցում Ուկրաինան հավելյալ օգնության կարիք ունի։
Օրենսդիրների հարցապնդումը ներառում է նաեւ Stinger զենիթային հրթիռների եւ Javelin հակատանկային հրթիռների մատակարարումների ավելացում, որոնց պաշարներն Ուկրաինայում վերջանում են, ինչպես նաեւ առաջարկվում է տրամադրել գործողության մեծ հեռահարությամբ անօդաչու թռչող սարքեր։
«Մենք ընդունում ենք, որ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները եւ գործընկերները արդեն էական ռազմական օգնություն են տրամադրել, այդ թվում 13,6 մլրդ դոլարի մի մասը՝ որպես արտակարգ ֆոնդեր, 2022 ֆինանսական տարվա հատկացումների մասին ամփոփ օրինագծի շրջանակում»,- գրել են օրենսդիրները։ «Բայց ուկրաինացիներին ավելին է հարկավոր, որպեսզի Ուկրաինան հաղթի այս պատերազմում»։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ընդգծել են, որ ուկրաինացիներին զենք են տրամադրում, որը նրանք կարող են օգտագործել, բայց նաեւ ընդգծել են, որ որոշ հարցապնդումներ, օրինակ՝ կործանիչների մասին, այնքան էլ հարմար չեն, ինչպես մյուս պահանջները։
Օրենսդիրները, սակայն, հավաստիացրել են, որ Ուկրաինան կործանիչների կարիք ունի։ «Ուկրաինայում օդաչուներն ավելի քան շատ են, նրանք կարող են լրացուցիչ ինքնաթիռներ վարել, եթե դրանք տրամադրվեն»,- նշվել է նամակում։ «Լրացուցիչ ինքնաթիռները թույլ կտային ուկրաինական ուժերին քաղաքային շրջանների, ինչպիսին են Խարկովը եւ Մարիուպոլը, ավելի համարժեք պաշտպանություն ապահովել»։