ԱՄՆ-ում հացահատիկի ֆյուչերսների գինն աճում է երկրորդ նստաշրջանն անընդմեջ
ԱՄՆ-ում հացահատիկի ֆյուչերսների գինն աճում է երկրորդ նստաշրջանն անընդմեջ, ընդ որում, ցորենի գինն ավելի քան 2 տոկոսով թանկացել է Սեւ ծովից մատակարարումների խափանումների ֆոնին, քանի որ արեւմտյան երկրները դիտարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառման հարցը, փոխանցում է Reuters-ը:
Չիկագոյի ապրանքային բորսայում (CBOT) ցորենի ամենաակտիվ պայմանագիրը GMT-ի 04:00-ի դրությամբ աճել է 2.8 տոկոսով՝ հասնելով 10.38 դոլարի մեկ բուշելի դիմաց, ինչը ամենաբարձրն է մարտի 30-ից ի վեր: CBOT-ում սոյայի հատիկները թանկացել են 0.4 տոկոսով՝ մինչեւ 16.09 դոլար մեկ բուշելի դիմաց, մինչդեռ եգիպտացորենի գինն աճել է 0.5 տոկոսով՝ մինչեւ 7.54 դոլար մեկ բուշելի դիմաց:
«Ուկրաինայում լոգիստիկ խնդիրները խոչընդոտում են հացահատիկի եւ ձեթի սերմերի արտահանմանը»,- հայտարարել են J.P. Morgan-ի վերլուծաբանները՝ հավելելով, որ նման խնդիրները, ամենայն հավանականությամբ, անորոշ ժամանակով խառնաշփոթի կհանգեցնի «գյուղատնտեսական արտադրանքի առեւտրային հոսքերում»:
Արտահանողներն Ուկրաինայում, որը չորրորդն է 2020/21 թվականներին հացահատիկ վաճառող երկրների շարքում, որի արտադրանքի մեծ մասը սովորաբար առաքվում է Սեւ ծովով, փորձում են հացահատիկը երկաթուղով տեղափոխել, քանի որ ծովային նավահանգիստները դեռ արգելափակված են ռուսական ուժերի կողմից: