ՄԻԵԴ-ի ցուցակից կհանվի՞ զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքով գործի քննությունը. ծնողները դեմ են
ՀՀ կառավարությունը միակողմանի հայտարարությամբ ընդունել է 2007 թվականին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի ներկայացուցիչների կողմից ՄԻԵԴ ներկայացված գործով իրավունքների խախտման փաստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, պատմեց, որ մարտ ամսին ՄԻԵԴ-ից գրություն է եկել այն մասին, որ այսպես ասած՝ հաշտեցում լինի եւ ցուցակից դուրս գա քրեական գործը, սակայն իրենք չեն համաձայնվել, պնդում են՝ ՄԻԵԴ-ը պետք է վճիռ կայացնի.
«Կառավարությունն առաջարկել է 19500 եվրո, որ ես հաշտության գնամ ու դիմումս Եվրոպական դատարանից վերցնեմ, բայց մենք համաձայն չենք, սպասելու ենք վճռին»։
Հիշեցնենք, որ 2007 թվականի օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասերից մեկում մահացած է հայտնաբերվել ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Օհանջանյանը։ Փորձագետների տված եզրակացության համաձայն` մահվան պատճառը հոսանքահարումն է, ինչը սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կասկածի տակ են դնում Տիգրանի ծնողները` պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են: