Գերմանիայում հայտարարել են, որ ԵՄ-ն հիմա չի կարող հրաժարվել Ռուսաստանի գազից
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ եվրոպական երկրներն այս պահին չեն կարողանա հրաժարվել ռուսական գազի մատակարարումից։ Այս մասին նա հայտարարել է Լյուքսեմբուրգում Եվրախմբի հանդիպումից առաջ։
Միաժամանակ, ֆինանսների նախարարության ղեկավարը հաստատել է, որ Գերմանիան մտադիր է աջակցել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներին։
«Սակայն այս պահին անհնար է գազի մատակարարումը դադարեցնել»,- հավելել է նա՝ պատասխանելով հնարավոր նոր պատժամիջոցների մասին լրագրողների հարցին։
Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են պատրաստվել արդեն այս շաբաթ։ Խոսքը, հավանաբար, գնում է ռուսական էներգակիրների վրա էմբարգոյի, արտահանման նոր սահմանափակումների և եվրոպական նավահանգիստներ ռուսական նավերի մուտքի արգելքի մասին։