Պենտագոնը հայտարարել է, որ չի կարող ինքնուրույն հաստատել Բուչայում տեղի ունեցածի մասին հաղորդումները
Պենտագոնը չի կարող ինքնուրույն հաստատել ուկրաինական Բուչա գյուղում տեղի ունեցածի մասին տեղեկությունները, սակայն հիմքեր չունի հերքելու ուկրաինական կողմի պնդումները։ «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Մենք չենք կարող ինքնուրույն հաստատել Բուչայում տեղի ունեցածի մասին հաղորդումները: Մենք տեսնում ենք նույն նկարները, ինչ դուք»,- հայտնել է պաշտոնյան:
Միաժամանակ նա հաղորդել է, որ Պենտագոնը «ոչ մի պատճառ չունի մերժելու ուկրաինական կողմի պնդումները»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք:
Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։