ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան շարունակում են դիմակայել ԱՄՆ նախագահին. The Guardian
Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշեց բացել նավթի ԱՄՆ-ի ռազմավարական պաշարները, նավթ արդյունահանող նրա երկու խոշոր դաշնակիցներն իրենց պահեստարանները շարունակում էին փակ պահել։ ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան շարունակում են ընդդիմանալ ԱՄՆ նախագահին, քանի որ նա փորձում է դիմակայել նավթի գներիկ կտրուկ աճին։ Եվ երկու երկրներն անթաքույց արտահայտում են իրենց դիմակայությունը, գրել է The Guardian-ը։
Պատերազմն Ուկրաինայում սրել է լարվածությունը աշխարհի մի քանի հատվածներում, բայց, գուցե, որեւէ տեղ տարածաշրջանային կարգն այնքան լարված չէ, ինչպես Մերձավոր Արեւելքում, որտեղ Ամերիկայի երկու խոշոր դաշնակիցներն այժմ լրջորեն կասկածի տակ են դնում իրենց հարաբերությունների հիմքերը։
Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Էմիրությունները հրաժարվում են օգնել Բայդենին, անգամ պատասխանել նրա հեռախոսազանգերին, այս հրաժարումը հանգեցրել է Պարսից ծոցի երկրների եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների աննախադեպ ցածր մակարդակի։
Սրան գումարեք նաեւ դեռեւս ձգձգվող բանակցությունները Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ, որոնք կարող են հանգեցնել պատժամիջոցների հետաձգման՝ Իրանին Օբամայի դարաշրջանի միջուկային գործարքին վերադարձնելու դիմաց, եւ կտեսնեք անկայուն բարեկամության ակնհայտ նշաններ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը վերափոխելու պոտենցիալով։
Պաշտոնական անձինք Աբու Դաբիում եւ Էր Ռիյադում վերջին շաբաթներին այնքան էլ ուղղագիծ չէին դիվանագետների հետ իրենց դժգոհության բնույթի մասին խոսակցություններում, ինչպես նաեւ այն հարցերում, թե որքան հեռու կարող են գնալ նրանք։ Արեւմտյան մի դիվանագետ Guardian-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի իր գործընկերն իրեն ակնարկել էր. «Սա ճանապարհի վերջն է մեր եւ Բայդենի համար, բայց, գուցե, նաեւ ԱՄՆ-ի համար»։
Այսպիսի կարծիք են հայտնել նաեւ սաուդցի եւ էմիրաթցի մեկնաբանները։ «Ալ Արաբիայի» նախկին գլխավոր խմբագիր Մոհամեդ ալ-Յահյան ավելի վաղ դիմակայության վերաբերյալ իր մոտեցումները հրապարակել էր «Ջերուզալեմ պոստ»-ում։
«Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ճգնաժամի մեջ են»,- գրել է նա։ «Ինձ ավելի շատ անհանգստացնում է այս հարցի վերաբերյալ ամերիկյան այն բանավեճի անիրատեսականությունը, որը հաճախ չի ընդունում, թե որքան խոր ու լուրջ է դարձել պառակտումը։ Ավելի իրատեսական բանավեճը պետք է կենտրոնանա մի բառի վրա՝ «ամուսնալուծություն»։ Երբ Բարաք Օբաման բանակցություններ էր վարում Իրանի հետ միջուկային գործարքի մասին, մենք՝ սաուդցիներս, հասկանում էինք, որ նա փորձում է հասնել 70-ամյա ամուսնությունը լուծարելուն... «Ինչո՞ւ պետք է Ամերիկայի տարածաշրջանային դաշնակիցներն օգնեն զսպել Ռուսաստանին Եվրոպայում, երբ Վաշինգտոնն ամրացնում է Ռուսաստանին եւ Իրանին Մերձավոր Արեւելքում»։
Ալ-Յահյան Վաշինգտոնի պահանջներին հակադրել է Պեկինի անփոխզիջումային դիվանագիտությունը՝ ասելով. «Այն դեպքում, երբ ամերիկյան քաղաքականությունը լի է մոլորեցնող հակասություններով, չինական քաղաքականությունը պարզ է եւ ուղղագիծ։ Պեկինն Էր Ռիյադին առաջարկում է պարզ գործարք. մեզ նավթ վաճառիր եւ ընտրիր ցանկացած ռազմատեխնիկա մեր քարտադարանից; օգնիր մեզ կայունացնել գլոբալ էներգետիկ շուկաները։ Այլ խոսքով՝ չինացիներն առաջարկում են այն, ինչն ավելի հաճախ է ամերիկա-սաուդյան այն նմուշի գործարքին նմանվում, որը կայունացրել է Մերձավոր Արեւելքը 70 տարով»։
Վերջին ամիսներին Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի հարցերի համակարգող Բրեթ Մակգերկը Էր Ռիյադի հաճախակի հյուրն է եղել՝ փորձելով կարգավորել հարաբերությունները, որոնք փչացել էին Բայդենի երդմնակալությունից հետո, երբ նա հրաժարվեց խոսել դե-ֆակտո Սաուդյան Արաբիայի առաջնորդ Մոհամեդ բին Սալմանի հետ։
Այս դիրքորոշումը պայմանավորեց հետագա դիմակայությունը։ Ե՛վ արքայազն Մոհամեդը, ե՛ւ ԱՄԷ-ի նրա գործընկեր Մոհամեդ բեն Զայիդը նախկինի պես զգուշավոր են ԱՄՆ վարչակազմի՝ միջուկային գործարքն առաջ մղելու վճռականության հանդեպ, որը թույլ կտա Իրանին լիովին թուլացնել պատժամիջոցները՝ միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից հրաժարվելու դիմաց։
Վաշինգտոնի աջակցության բացակայության զգացողությունը Եմենում հուսիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած պայքարում ուժեղացրել է տագնապը։ Նույնը վերաբերում է նաեւ վարչակազմի մոտեցմանը, որը, Էր Ռիյադի եւ Աբու Դաբիի կարծիքով, պատրաստ է զոհաբերել դաշնակիցներին հանուն իդեալիզմի։ Դոնալդ Թրամփի բաց տրանզակցիոն դիվանագիտությունը երկուսին ավելի ծանոթ բանաձեւ էր, եւ դրան պատրաստակամ է Չինաստանը, որի հետ յուրաքանչյուրը առեւտրում, էներգետիկայում եւ անգամ անվտանգության ոլորտում ավելի սերտ կապերի հաստատման հույս ունի։
Հայտնի քաղաքագետ, պրոֆեսոր Աբդուլհալեք Աբդուլան Վաշինգտոնի հետ ճգնաժամն անվանել է ամենավատը վերջին 50 տարում։
Լիբանանյան Annahar օրաթերթում հրապարակած իր հոդվածում նա նշել է. «Ամերիկյան գործընկերոջ հետ ԱՄԷ-ի հարաբերությունները դրված են խաղասեղանին, դրանք ճամփաբաժանի վրա են։ Անկասկած, թյուրիմացությունը շտկելու խնդիրը Բայդենի վարչակազմի ուսերին է, որը կարող է հայտնվել տարածաշրջանային գործընկերոջը կորցնելու եզրին, որը դառնում է ավելի ինքնիշխան եւ տարածաշրջանային ու գլոբալ ավելի մեծ ներկայության հույս ունի։ ԱՄԷ-ն շատ բան է ներդրել Վաշինգտոնի հետ իր հարաբերություններում։ Մենք մեր ներդրումների մեծ մասը դրել ենք ամերիկյան շուկաների հսկայական սուվերեն ֆոնդերում՝ բացառելով ասիական եւ եվրոպական շուկաները, եւ կցանկանայինք մեծացնել առեւտուրը Վաշինգտոնի հետ»։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն վիրավորվել է այն բանից, որ Վաշինգտոնը չի ստորագրել F-35 նոր կործանիչների մատակարարման համաձայնագիրը։ Նրանք զայրացել էին նաեւ այն բանից, որ Բայդենը իրեն օտարի պես էր պահել հուսիների անօդաչուի մահացու եւ Աբու Դաբիի հրթիռային հարվածներից հետո։
«Եվ որ ավելի վատ է, Բայդենի վարչակազմը առարկել էր Էմիրաթների սուվերեն որոշումներին, ինչպիսին էր Բաշար Ասադին ընդունելը... եւ ճնշումը Աբու Դաբիի վրա՝ նավթի արդյունահանումն ավելացնելու նպատակով, ՕՊԵԿ-ի համաձայնագրի համատեքստից դուրս։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ամերիկան արդեն միակ գերտերությունը չէ աշխարհում, ինչը ԱՄԷ-ին եւ այլ երկրների մղել է դիվերսիֆիկացնել գործընկերներին»։