Ուկրաինային «Բայրաքթար»-ների մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից․ ՌԴ դեսպան
Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարումը ցավագին է ընկալվում ռուսական հասարակության կողմից։ Այս մասին Aydınlık թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Անկեղծ կասեմ։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են այդ մատակարարումներն ընկալվում ռուսական հասարակության կողմից։ «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, հենց այդ նպատակով են գնվում «Բայրաքթար»-ները։ Ի դեպ, հիշեցնում եմ, որ Թուրքիայի դաշնակիցը դառնալ հավակնող մի երկիր սովորություն ունի մեծ քանակությամբ զենք փոխանցել նրանց, ում դեմ կռվում են մեհմեդները, իսկ դա Անկարային այդքան էլ դուր չի գալիս։ Ինչո՞ւ պետք է դա մեզ դուր գա: Ի դեպ, ուզում եմ անհապաղ կանխել նետերը Ռուսաստանի կողմը շրջելու անբարեխիղճ մեկնաբանությունների փորձերը։ Մենք զենք չենք տալիս այդ մարդկանց, որոնց դեմ թուրքական բանակը կռվում է, եւ Թուրքիան դա լավ գիտի»,- ասել է Երխովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այս պահին արդեն վեց պետություն ունի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, դրանք են՝ Ադրբեջանը, Կատարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը եւ Ուկրաինան։
2021թ․ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք հետագայում օգտագործվել են Դոնբասում, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։