ԵՏՄ-ում առաջարկել են օտարերկրյա ակտիվների վաճառքի հարկ մտցնել
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները պետք է ստեղծեն գլոբալ վտանգներից պաշտպանության սեփական համակարգ, որը կներառի ոչ ռեզիդենտների կողմից ակտիվների վաճառքի հարկ, որի տոկոսադրույքը կախված կլինի դրանց տնօրինման ժամկետից, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը։
Միջազգային բազմաթիվ խոշոր ընկերություններ հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը կամ հեռանում են Ռուսաստանից՝ երկրի դեմ լայնածավալ պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Ընդ որում՝ դրանց մի մասը ցանկություն է հայտնել ժամանակի ընթացքում վերսկսել գործունեությունը Ռուսաստանում, մի մասն էլ պետությունում իրենց ակտիվների նոր սեփականատերեր է փնտրում։
«ԱՄՆ-ի եւ ԱՄՀ-ի դիրքորոշմանը հակառակ՝ մեր երկրները պետք է պայմանավորվեն, որպեսզի ստեղծեն ֆինանսական ապակայունացման գլոբալ վտանգերից պաշտպանության ազգային համակարգեր՝ ստեղծել արժութային գործառնություններով կապիտալի շարժի պահուստավորման ինստիտուտ; մտցնել ոչ ռեզիդենտների կողմից ակտիվների վաճառքից ստացվող եկամուտների հարկ, որի տոկոսադրույքը կախված կլինի ակտիվների տնօրինման ժամկետից»,- ասել է Գլազեւը։
Բացի այդ, նրա կարծիքով՝ ԵՏՄ-ի երկրները պետք է հնարավորություն ունենան սահմանափակումներ մտցնել կապիտալի անդրսահմանային շարժի հարցում՝ սպառնալիք ներկայացնող գործառնությունների դեպքում։ Գլազեւը նաեւ նշել է, որ ԵՏՄ-ի ընդհանուր շուկան թույլ է տալիս զգալիորեն չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա։ «Վաշինգտոնը սպառնում է ընդլայնել դրանք՝ մեր այն գործընկերների ձեռնարկություններն ընդգրկելով, որոնք ակտիվորեն համագործակցում են ռուսականների հետ, մեզ հետ կոոպերացիոն կապեր են պահպանում»,- ասել է նա։
Բայց դա, նախարարի խոսքով, ոչ մի կերպ չի կանգնեցնի միության երկրների ինտեգրումը, ընդհակառակը, կխթանի կոոպերացման ծրագրերի իրականացմանը, ներմուծման փոխարինմանը, կնպաստի ազգային արժույթներով առեւտրի իրականացմանը։