Քաղաքի բնակիչները տարածության մեջ ավելի վատ են կողմնորոշվում, քան գյուղի բնակիչները
Հետազոտողների միջազգային խումբը ցույց է տվել, որ միջավայրը, որտեղ մարդիկ մեծանում են, ազդում է ուղղության զգացողության եւ տարածության մեջ կողմնորոշվելու ունակության վրա: Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։
Պարզելու համար, թե ինչպես է մանկության տարիներին շրջակա միջավայրն ազդում կողմնորոշվելու ունակության վրա, գիտնականներն ուսումնասիրել են 38 երկրներից շուրջ 400 000 մարդկանց տվյալները, որոնք Sea Hero Quest բջջային տեսախաղ են խաղացել: Այս խաղը ստեղծվել է 2016թ․՝ Ալցհեյմերի հիվանդությունն ուսումնասիրելու համար։ Խաղի ընթացքում մասնակիցները պետք է նավարկեն վիրտուալ տարածքում, շրջանցեն բոլոր խոչընդոտները եւ գտնեին քարտեզի վրա ցուցադրված ստուգողական կետերը, գրում է Hitech-ը։
Հետազոտողները մշակել են տվյալները՝ խաղի արդյունքների վրա տարիքի, սեռի եւ կրթական մակարդակի ազդեցությունը բացառելու համար, եւ պարզել են, որ այն վայրը, որտեղ հետազոտության մասնակիցները մեծացել են, կապված է հավաքած միավորների քանակի հետ: Ընդ որում՝ ընթացիկ բնակության վայրը չի ազդել խաղի հաջողության վրա։ Վերլուծությունը ցույց է տվել, որ, ընդհանուր առմամբ, գյուղական վայրերում ծնված մասնակիցներն ավելի լավ են կատարել առաջադրանքը:
«Մենք պարզեցինք, որ քաղաքներից դուրս մեծանալը, ըստ ամենայնի, օգտակար է նավիգացիոն կարողությունների զարգացման համար: Սրա վրա, կարծում ենք, ազդում է քաղաքի փողոցային բազմաթիվ ցանցերի չափից դուրս պարզությունը»,- ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր եւ հետազոտության համահեղինակ Հյուգո Սփիրսը: