Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հաղթել է Սերբիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում
Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր կմնա եւ կփորձի պահպանել լավ հարաբերություններ բոլորի, այդ թվում եւ Ռուսաստանի հետ, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։
«Սերբիայում ոչ ոք չի բացառի Դոստոեւսկուն եւ Չայկովսկուն։ Սերբիան կփորձի գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»,- Վուչիչին մեջբերել են տեղի ԶԼՄ-ները։
Նա նաեւ նշել է, որ Սերբիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ, եւ իր երկիրը կպահպանի ռազմական չեզոքության քաղաքականությունը։ «Ես կարծում եմ, որ առջեւում շատ խնդիրներ կան, բայց Սերբիայի համար ամենագլխավորը տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենալն է, եվրոպական ուղին շարունակելը, բայց եւ ավանդական բարեկամական հարաբերությունները չկորցնելը»,- ավելացրել է Սերբիայի նախագահը։
Սերբիայի ներկայիս նախագահը հայտարարել է ընտրությունների, որոնք կայացել են կիրակի օրը, առաջին փուլում հաղթանակ տանելու մասին։
Վուչիչին երկուշաբթի մեջբերել է սերբական РТС հեռուստառադիոալիքը։ Իր ելույթում Վուչիչը հայտնել է, որ ստացել է ընտրողների ձայների 59,9-60,1 տոկոսը։
Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00.50-ի դրությամբ Վուչիչն ուներ ընտրողների ձայների 66,91 տոկոսը, նրա հիմնական մրցակից Զդրավկո Պոնոշը՝ 11,95։
Բացի այդ, Վուչիչը նշել է, որ իր գլխավորած Սերբական առաջադիմական կուսակցությունը խորհրդարանի նոր կազմում ունի 124 կամ 125 մանդատ ստանալու բոլոր հնարավորությունները։
Սերբիայում կիրակի օրը տեղի են ունեցել նախագահական, խորհրդարանական, ինչպես նաեւ իշխանության տեղական մարմինների (11 համայնքներում եւ երկու քաղաքում, ներառյալ Բելգրադը) ընտրություններ։